Բաժանորդագրվեք
մեր նորություններին










ՀՀ արդարադատության համակարգի ամրապնդման ծրագիր

23/02/2015


ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Մանուկյանը, ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտրներ Արամ Օրբելյանը և Եղիշե Կիրակոսյանը ներգրավված են Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդման ծրագրում: Ծրագիրը ֆինանասավորվում է համատեղ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից


Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների ոլորտում նոր համակարգերի ներմուծում և առկա համակարգերի բարելավում: Նախքան նշված ծրագրի լայնամասշտաբ քայլերի իրականացնումը, նախատեսվում է իրականացնել խնդիրների վերհանման և իրավիճակային ուսումնասիրություն, որը փետրվար ամսին իրականացվեց աշխատանքային խմբի կողմից`բաղկացած նաև միջազգային փորձագետներից:


Ծրագիրը նպատակ ունի իրագործել ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի կարգադրությամբ նախանշված մեդիացիայի և արբիտրաժի առնչվող բարեփոխումները: Մասնավորապես, մեդիացիայի մասով նպատակ է դրվում խթանել Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգերը և ապահովել մեդիացիայի նախատեսման հնարավորությունը: Ծրագիրը իր առջև խնդիր է դնում կատարել առաջին ատյանի դատարանների կողմից քաղաքացիական գործերը մեդիատրներին հասցեագրելու ինստիտուտի ներդրման հեռանկարների և միջազգային փորձի ուսումնասիրություն, մեդիացիայի ինստիտուտի կայացման համար մշակել մեդիացիայի իրականացման օրենսդրական դաշտ, ինչպես նաև իրականացնել մեդիատրների մասնագիտական պատրաստման ծրագրեր: Մեդիացիայի մասին օրենքը մշակվելու է երկու փաթեթով, որոնցից առաջինը կներկայացվի Ազգային Ժողովին մարտ ամսին, իսկ երկրորդի շրջանակներում նախատեսվում է առավել ընդլայնված կարգավորումներ նախատեսել մեդիացիայի կիրառման արդյունավետության ապահովման համար:


Նախատեսվում է նաև կատարելագործել և խթանել արբիտրաժի միջոցով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները, դատավորների վերապատրաստման ծրագրերում իրականացնել արբիտրաժին վերաբերող թեմաների քննարկում և դասընթացներ, ինչպես նաև մշակել արբիտրների էթիկայի սկբունքներ և արբիտրաժում վարույթի տիպային կանոնների էական դրույթներ:


Էական անդրադարձ կկատարվի «Առևտրային արբիտրաժի մասին» 2006 թ. դեկտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության օրենքին` դրա թերությունների վերացման և պրակտիկայում առաջացող շատ խնդիրների լուծման նպատակով, որոնք խոչընդոտ են հանդիսանում արբիտրաժային գործընթացի իրականացման համար:


Ծրագրի շրջանակներում փորձագետներ Ռ. Քրուզը, Ե. Կիրակոսյանը և Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ն. Գասպարյանը այցելեցին ԷյԴիԱր Փարթներս ընկերության գրասենյակ` հանդիպելու ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտրաժային գործերով տնօրեն Աիդա Ավանեսյանի հետ, ով կիսվեց իր գաղափարներով «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի նախագծի անցումային դրույթների և էթիկայի սկբունքների վերաբերյալ: