ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ
 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն

 

Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am
Կայք: www.adr.am

Մեդիատրների եվ արբիտրների էթիկայի կանոնակարգ

ԷՅԴԻԱՐ ՓԱՐԹՆԵՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵԴԻԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐԲԻՏՐՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սույն Կանոնները սահմանում են ԷյԴիԱր Փարթներս ընկերության ցանկում ընդգրկված հաշտարարների և արբիտրների գործունեության բարոյական և էթիկայի չափանիշները և վարքագծի կանոնները, որոնք ԷյԴիԱր Փարթներս ընկերության Մեդիացիայի և Արբիտրաժի Կենտրոնի (այսուհետ` Կենտրոն կամ ԷյԴիԱր Փարթներս) շրջանակներում իրականացնում են հաշտարարություն, արբիտրաժ կամ վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում որևէ այլ գործունեություն:

 

ԷյԴիԱր Փարթներս ընկերության շրջանակներում մեդիացիան/արբիտրաժը դինամիկ գործընթաց է, որը կարող է իրականացվել մեդիատրի/արբիտրի տեխնիկային և հմտություններին համապատասխան: ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը ամեն կերպ խրախուսում է մեդիատրներին/արբիտրներին վեճերի լուծման նպատակով կիրառել Կողմերի շահերից բխող տարբեր մեթոդներ:

 

Սույն կանոնները նախատեսված են բոլոր տեսակի մեդիացիաներում/արբիտրաժներում այն կիրառելու նպատակով` քաղաքացիական, առևտրային, ընտանեկան և աշխատանքային գործերում, որոնք իրականացվում են մեդիատրների/արբիտրների կողմից և ԷյԴիԱր Փարթներս ընկերության շրջանակներում:

 

1.      Տերմիններ

 

Մեդիացիա (Հաշտարարություն)` վեճերի այլընտրանքային լուծման արտադատական մեթոդ երրորդ՝ անկողմնակալ և չեզոք կողմի` հաշտարարի մասնակցությամբ, ով օգնում է վեճի շրջանակներում ներգրավված և հաշտարարությունում կամավոր մասնակցող կողմերին` մշակելու վեճի լուծման փոխադարձաբար  ընդունելի համաձայնություն:

Մեդիատր (Հաշտարար)` անկողմնակալ երրորդ անձ, որը հաշտարարության վերաբերյալ համաձայնության հիման վրա իրականացնում է հաշտարարություն` կողմերի միջև ծագած վեճը հաշտությամբ լուծելու նպատակով:

Արբիտրաժ` վեճերի այլընտրանքային լուծման արտադատական մեթոդ երրորդ՝ անկողմնակալ և չեզոք կողմի` արբիտրի մասնակցությամբ, ով լսելով կողմերին և վերլուծելով փաստերը, կայացնում է վերջնական որոշում:

Արբիտր` անկախ անձ` նշանակված կողմերի կողմից կամ կողմերի խնդրանքով ԷյԴիԱր Փարթներսի կողմից` աջակցելու վեճի լուծմանը արբիտրաժի միջոցով:

Կողմեր` անձինք, որոնք ներգրավված են վեճի շրջանակներում և ցանկանում են լուծել իրենց վեճը մեդիացիայի/արբիտրաժի միջոցով ԷյԴիԱր Փարթներս ընկերության օգնությամբ:

Մեդիացիայի/Արբիտրաժի մասնակիցներ` այլ անձինք, ովքեր կողմերի և մեդիատրի/արբիտրի համաձայնությամբ մասնակցում են մեդիացիային/արբիտրաժին համաձայն համապատասխան կիրառելի կանոնների:

Քեյս մենեջեր` ԷյԴիԱր Փարթներս ընկերության աշխատակից, ով զբաղվում է մեդիատրի/արբիտրի մասնակցությամբ մեդիացիայի/արբիտրաժի անցկացման կազմակերպչական և գործերի կառավարման հարցերով:

 

2. Հաշտարարության անցկացման օրենքով սահմանված էթիկայի կանոնները 

2.1. Հաշտարարության գործընթացը իրականացվում է` կամավորության, գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկողմնակալության սկզբունքների հիման վրա:

2.2 Հաշտարարը պարտավոր է առաջնորդվել վարքագծի հետևյալ ընդհանուր կանոններով՝ 1) բացահայտել ցանկացած շահ կամ հարաբերություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ հաշտարարի անկողմնակալության վրա, որը հաստատվում է նաև հաշտարարի կողմից ստորագրված շահերի բախման բացահայտման գրությամբ 2) ապահովել հավասար հարգալից և անկողմնակալ վերաբերմունք վիճող կողմերի նկատմամբ և որևէ ձևով չստանձնել որևէ կողմի փաստաբանի դերը 3) հաշտարարությանը մասնակցող կողմերին պարզաբանել հաշտարարի դերն ու հաշտարարության գործընթացի բնույթը, 4) պահպանել հաշտարարության գաղտնիությունը, 5) հաշտարարությունն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում, 6) նպաստել հաշտարարության նկատմամբ վստահության և հեղինակության ձևավորմանը։

 

3. Մեդիատրի/Արբիտրի նշանակումը

Մեդիատրը/արբիտրը կամ քեյս մենեջերը համաձայնեցնում է կողմերի հետ մեդիացիայի/արբիտրաժի անցկացման համապատասխան օրը և ժամը: Մինչ հանդիպում նշանակելը, մեդիատրի/արբիտրի քեյս մենեջերը պետք է համոզվի, որ մեդիատրը/արբիտրը կոմպետենտ է տվյալ մեդիացիան/արբիտրաժը անցկացնելու գործում, և կողմերի խնդրանքով նրանց տրամադրի տեղեկություն մեդիատրի/արբիտրի աշխատաձևի և փորձի վերաբերյալ:

Մեդիատրներն/արբիտրներն իրավունք ունեն գովազդելու և խթանելու իրեն մասնագիտական ծառայությունները  հավաստի և արժանապատիվ ձևով և բացառապես ԷյԴիԱր Փարթներսի հետ իրենց կապը նշելու միջոցով: Գովազդն ու ինքնածանոթացումը, ինչպես նաև փորձի, ծառայությունների ու վճարների մասին տեղեկությունները պետք է լինեն հավաստի, և բոլոր այդպիսի հարցումները պետք է վերահասցեավորվեն ԷյԴիԱր Փարթներսի աշխատակազմին կամ քեյս մենեջերին: Մեդիատրը/արբիտրը պետք է խուսափի մարքեթինգից, որը մոլորեցնող է կամ կասկած է առաջացնում  անաչառության  հարցում: Մեդիատրը/արբիտրը   իրավունք   չունի երաշխավորել  վեճերի լուծման արդյունք:

 

 

4. Մեդիատրի/արբիտրի գործունեության սկզբունքները

 

4.1 Անկախություն և կամավորություն

Մեդիատրը/արբիտրը զբաղեցնում է չեզոք դիրք և ձգտում է թույլ չտալ կողմնակալ և կանխակալ վերաբերմունք որևէ կողմի նկատմամբՄեդիատրը/արբիտրը չպետք է սկսի գործընթացը կամ, եթե սկսել է այն, պետք է դադարեցնի, եթե բացահայտել է հանգամանքներորոնք կարող են ազդել իր անկախության վրա կամ առաջացնել շահերի բախում: Այդպիսի հանգամանքների բացահայտումը մեդիատրի/արբիտրի անվերապահ պարտականությունն է ամբողջ մեդիացիայի/արբիտրաժի ընթացքում: Նման հանգամանքների դեպքերում` կողմերի համաձայնությամբ մեդիատրը/արբիտրը կարող է սկսել կամ շարունակել մեդիացիան/արբիտրաժը, եթե նա վստահ է, որ կարողանալու է պահպանել իր լիակատար անկախությունն ու անկողմնակալությունը` ապահովելու համար բացարձակ չեզոքություն:

Մեդիատրը/արբիտրը որևէ այլ հաշտարարական հաստատությունում գրանցվելուց կամ այլ կերպ ԷյԴիԱր Փարթներսից դուրս հաշտարարությունը/արբիտրաժ իրականացնելուց առաջ պետք է ստանա ԷյԴիԱր Փարթներսի գրավոր համաձայնությունը: Մեդիատրը/արբիտրը իրավունք չունի որևէ ձևով հաճախորդներին ուղղորդել դեպի իր կողմից իրավաբանական ծառայությունների մատուցումը, անգամ եթե դա իրականացվելու է այլ գործով:

 

4.2 Անկողմնակալություն և Շահերի Բախում

Մեդիատրը/արբիտրը պետք է միշտ գործի անաչառ և իր առջև խնդիր դնի կողմերին տրամադրելու անկողմնակալ ծառայություն մեդիացիայի/արբիտրաժի ողջ ընթացքում:

Մեդիատրը/արբիտրը չպետք է գործի կողմնապահությամբ` հիմնվելով մեդիացիայի/արբիտրաժի ընթացքում որևէ կողմի ցուցաբերած վերաբերմունքի, կարծիքի, արժեքների և պահվածքի վրա և կամ որևէ այլ պատճառով: Մեդիացիայի/արբիտրաժի ընթացքում կամ դրանից հետո մեդիատրը/արբիտրը չպետք է ուղղակիորեն կամ անուղղակի կերպով  կողմերին հանձնի կամ նրանցից ընդունի նվերներ կամ գումարային պարգև:

Մեդիատրը/արբիտրը  պետք  է,  ինքնաբացարկ հայտարարելով, թողնի մեդիացիայի/արբիտրաժի գործընթացը, եթե մեդիացիայի/արբիտրաժի ընթացքում ի հայտ գա այնպիսի շահերի բախում, որը կարող է հանգեցնել լուրջ կասկածի մեդիատրի/արբիտրի անաչառության վերաբերյալ: Եթե գործը ընդունելուց կամ մեդիացիան/արբիտրաժը սկսելուց հետո  մեդիատրը/արբիտրը բացահայտում /տեղեկանում է հարցի մասին, որը կարող է ստեղծել հավանական կամ իրական շահերի բախում կամ դրա տպավորություն, մեդիատրը/արբիտրը պետք է անհապաղ բացահայտի այն կողմերին: Բացահայտումից հետո, եթե բոլոր կողմերը համաձայն են, ապա մեդիատրը/արբիտրը կարող է շարունակել մեդիացիան/արբիտրաժը: Մեդիատրը/արբիտրը չպետք է սկսի գործընթացը քանի դեռ բոլոր կողմերը չեն բացահայտել որևէ առկա կամ հնարավոր շահերի բախում և հրաժարվել այդ կապակցությամբ ունեցած իրենց իրավունքներից: Եթե շահերի բախումը լուրջ կասկածի տակ է դնում գործընթացի անկախությունը, մեդիատրը/արբիտրը պետք է, անհապաղ ինքնաբացարկ հայտնելով, հրաժարվի գործընթացից: Եթե մեկից ավելի մեդիատր/արբիտր է նշանակված, յուրաքանչյուրը պետք է տեղեկացնի մյուսներին բացահայտված շահերի ու հարաբերությունների մասին: Մեդիատրը/արբիտրը այլ մասնագետների ծառայություններն առաջարկելիս պետք է խուսափի շահերի բախումից:

 

4.3 Գաղտնիություն

4.3.1 Հաշտարարության ընթացքում բացահայտած կամ արտահայտած տեղեկությունները գաղտնի են։ Բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերի, հաշտարարը, կողմերը կամ հաշտարարությանը մասնակցած կամ մասնակցող յուրաքանչյուր անձ չի կարող կանչվել դատարան որպես վկա, մասնագետ կամ փորձագետ` ցուցմունք տալու հաշտարարության ընթացքում հայտնի դարձած փաստի կամ տեղեկության վերաբերյալ:

4.3.2 Արբիտրը երրորդ անձանցից գաղտնի է պահում այն բոլոր տեղեկությունները, որոնք տրամադրվել են իրեն կողմերի կամ արբիտրաժի այլ մասնակիցների կողմից կամ հայտնի են դարձել իրեն արբիտրաժի նախապատրաստման ժամանակ կամ դրա ընթացքում և կամ որևէ այլ կերպ կապված են արբիտրաժի հետ: Արբիտրը կարող է տեղեկությունները տրամադրել երրորդ անձանց միայն այն դեպքում, երբ կողմերը պարզ, բացահայտ և հստակորեն տվել են իրենց համաձայնությունը արբիտրին:

4.3.3 Մեդիտրը կարող է հաշվետվություն ներկայացնել իրավասու դատարան, եթե դա պահանջվում է օրենքով, այն մասին, թե արդյոք կողմերը մասնակցել են նախատեսված մեդիացիային, և արդյոք նրանք հաշտության են եկել: Մեդիատրը/արբիտրը չպետք է քննարկի գործը այն անձանց հետ, ովքեր ուղղակիորեն ներգրավված չեն մեդիացիայի/արբիտրաժի մեջ, բացառությամբ եթե իրատեսորեն հնարավոր չէ բացահայտել/պարզել կողմերի ինքնությունը: Մեդիատրը կարող է քննարկել գործը, և արբիտրը կարող է անցկացնել լսումներ կողմերից մեկի ներկայությամբ, եթե մյուս կողմը, պատշաճ կերպով ծանուցված լինելով հանդերձ, չի մասնակցել մեդիացիայի կամ արբիտրաժի նիստին:

Մեդիատրը/արբիտրը չպետք է օգտագործի գաղտնի տեղեկատվություն անձնական շահի/նպատակների համար: Մեդիատրը/արբիտրը  կարող է առանց կողմերի տվյալները հրապարակելու գործի փաստերն ու հմտությունները օգտագործել գիտական ու ուսումնական նպատակներով:

 

4.4 Թափանցիկություն

Մեդիատրը/արբիտրը ձգտում է լինել արդար և անկեղծ, կողմերին և մեդիացիայի/արբիտրաժի այլ մասնակիցների նկատմամբ, բացատրել նրանց իրենց գործողությունների բնույթն ու նշանակությունը և պատասխանել մեդիացիայի/արբիտրաժի գործընթացի վերաբերյալ ծագող հարցերին: Նախքան մեդիացիան/արբիտրաժը սկսելը մեդիատրը/արբիտրը պետք է բացատրի կողմերին և այլ մասնակիցներին մեդիացիայի/արբիտրաժի գործընթացի առանձնահատկությունները և համոզվի, որ նրանք հասկանում են դրանց բնույթն ու հատկանիշները, մեդիատրի/արբիտրի և իրենց դերը գործընթացում, ինչպես նաև հաշտության համաձայնության/արբիտրաժային որոշման իրավական բնույթը: Կողմերը պետք է նաև հաշվի առնեն կոնկրետ ընթացակարգերը, որոնք մեդիատրը/արբիտրը մտադիր է օգտագործել: Այն դեպքում, երբ վեճը լուծվում է հաշտության համաձայնությամբ, մեդիատրը/արբիտրը պետք է համոզվի, որ կողմերը հասկացել են կայացած համաձայնության պայմանները:

 

4.5 Պատասխանատվություն

Մեդիատրը/արբիտրը երաշխավորում է մեդիացիայի/արբիտրաժի անցկացումը և դրա համապատասախանությունը ընթացակարգային սկզբունքներին:

Մեդիատրը/արբիտրը բացատրում է կողմերին, որ վերջիններս պատասխանատվություն են կրում մեդիացիայի/արբիտրաժի ընթացքում ձեռք բերված որոշումների և համաձայնությունների համար:

Մեդիատրի/արբիտրի դերը չեզոք է, և նա չի ներկայացնում որևէ կողմ և չի գործում որպես փաստաբան: Մեդիատրը/արբիտրը չպետք է կողմին առաջարկի իրավաբանական խորհրդատվություն, սակայն ԷյԴիԱր Փարթներսի հետ համաձայնեցնելով, կողմերի խնդրանքով կարող է նրանց համար կազմել վերջնական հաշտության համաձայնության վերջնական տեքստը: Մեդիատրը/արբիտրը պետք է որոշումները կայացնի արդար, անկախ և մտածված կերպով և չպետք է որոշում կայացնելու պատասխանատվությունը փոխանցի ուրիշին:

 

4.6 Կոմպետենտություն

Մեդիատրը/Արբիտրը համաձայնում է մեդիացիան/արբիտրաժը անցկացնել միայն այն գործերով, որոնց համար նա ունի համապատասխան որակավորում, իրավասություն և փորձ կողմերի սպասելիքները արդարացնելու համար: Մինչև գործընթացի սկիզբը մեդիատրը/արբիտրը պետք է պատրաստվի` վերլուծելով կողմերի կողմից ներկայացված նյութերը:

Եթե մեդիատրը/արբիտրը հանգել է այն եզրակացության, որ տվյալ վեճի կապակցությամբ մեդիացիա/արբիտրաժ անցկացնելու համար նա չունի համապատասխան գիտելիքներ և փորձ, ապա նա հնարավորինս արագ պետք է տեղեկացնի այդ մասին կողմերին և քննարկի իր մասնակցությամբ գործընթացը շարունակելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում  մեդիատրին/արբիտրին փոխարինելու կամ չեզոք օգնական, մասնագետ և/կամ համապատասխան ոլորտում այլ փորձագետ ներգրավելու հարցը:

Մեդիատրը/արբիտրը,  ինքնաբացարկ հայտնելով, պետք է հրաժարվի մեդիացիայի/արբիտրաժի գործընթացից, եթե առկա է շահերի բախում կամ, եթե նա չի կարող պահպանել անկողմնակալություն կամ ֆիզիկական անկարողության պատճառով չի կարող մասնակցել գործընթացին:


Ծանոթություն. Սույն վարքագծի կանոնները կարող են փոփոխվել ԷյԴիԱր Փարթներսի կողմից ցանկացած ժամանակ առանց նախազգուշացնելու, սակայն արդեն իսկ սկսված մեդիացիաները/արբիտրաժները իրականացվում են սկզբի պահին գործող վարքագծի կանոնների համաձայն: